Թուրքիայի արևելյան շրջաններում արձանագրվել է մարդու իրավունքների խախտման ավելի քան 46 հազար դեպք
ՄիջազգայինԹուրքիայի մարդու իրավունքների միությունը արձանագրել է, որ 2016 թվականին երկրի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում գրանցվել է մարդու իրավունքների խախտման 46 հազար 292 դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Միության տվյալներով` 2016 թվականին մարտերում սպանվել է 1757 մարդ, որոնցից 456-ը` իրավապահ մարմինների աշխատակիցներ են, 816-ը` խմբավորումների անդամներ, 451-ը` քաղաքացիական անձինք: Ձերբակալվել է 6860 մարդ, որոնցից 150-ը երեխա են: Ձերբակալված անձանց նկատմամբ գրանցվել է բռնության 216 դեպք:
Թուրքիայի մարդու իրավունքների միության Դիարբեքիրի գրասենյակի ղեկավար Ռաջի Բիլիջին ուշադրություն է հրավիրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 11 պատգամավորի ձերբակալության վրա: Նա նաև հայտնել է, որ բանտերում են 131 լրագրողներ, իսկ 229-ի նկատմամբ դատական գործընթացներ են տարվում: