Ով ում հետ եւ ինչ ֆորմատով է ներդաշնակ. վերլուծում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը
ՔաղաքականԱյսօր հրավիրված ասուլիսի ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, խոսելով Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում», Արամ Սարգսյանի ՀԴԿ եւ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների դաշինքի մասին, որին ամենայն հավանականությամբ կմիանա նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նշեց. «Կուսակցությունը միայն 1-2 ղեկավարները չեն, կուսակցությունը սովորաբար կառույցն է, որ գործում է պետության տարածքում, որն ունի իր ներուժը՝ եւ՛ մարդկային, եւ՛ ֆինանսական: Մենք դա առայժմ չենք տեսնում: Մյուս կողմից՝ մենք կարող ենք ունենալ հայտնի կուսակցություններ, որ առկա են այս դաշինքում, բայց այս կուսակցությունների ներուժը եւս չի թողել լուրջ հետք Հայաստանի քաղաքական դաշտում»,-ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա քաղաքագետը շեշտեց, որ այս ուժը միշտ է ունեցել իր կորիզային ընտրազանգվածը, որին, եթե գումարվի հաջողակ ընտրարշավ, ապա բավարար կլինի անցողիկ շեմի համար:
Դե իսկ սեփական քաղաքական կուրսից անտեղյակ «Ժառանգության» վերաբերյալ Ալ. Մարկարովն ասաց. «Այդ ուժը պետք է գտնի այն քաղաքական դաշնակցին, ում հետ կարող է միավորվել` հաշվի առնելով գաղափարական հենքը: Այդպիսի ուժ կարող է լինել «Ելքը»: Այդ դեպքում նրանց քաղաքական կյանքի երկարատեւության հնարավորությունն ավելի բարձր կլինի: «Հայկական վերածննդի» վերաբերյալ էլ բանախոսը գտնում է, որ կախված ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ի ցուցանիշից` կոալիցիա կարող է կազմվել նրանց միջեւ: