Մաքքեյնը «կործանարար» է անվանել Թրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունից ԱՄՆ-ի հրաժարվելը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Թրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունից երկրի դուրս գալու մասին, չի համապատասխանում ամերիկացիների շահերին ու հանգեցնելու է Չինաստանի տնտեսական հզորության աճին, համարում է հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Գործընկերությունից ԱՄՆ դուրս գալու մասին հրամանագիրը Թրամփը նախօրեին էր ստորագրել։
«Ես զրուցել եմ ասիական երկրների առաջնորդների հետ, ու նրանք բոլորն ասել են, որ դա կմաքրի դաշտը Չինաստանի համար։ Իմ կարծիքով դա լավ չէ ԱՄՆ-ի համար»,- ասել է Մաքքեյնը CBS հեռուստաալիքին։
Սենատորի խոսքով ԱՄՆ-ն իր որոշումով «հետքայլ» է անում, մինչդեռ համաշխարհային տնտեսության 60 տոկոսը արդեն կենտրոնացած է Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այդ կապակցությամբ Մաքքեյնը կործանարար է անվանել Թրամփի որոշումը, որը հանգեցնելու է Չինաստանի տնտեսական գերազանցությանը։