Թուրքիայում ձերբակալվել է Ցեղասպանության համար ներողություն խնդրած Օսման Բայդեմիրը
ՄիջազգայինԹուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Բայդեմիրից բացի Դիարբեքիրում ձերբակալվել են նաև քրդամետ կուսակցության ևս երկու պատգամավորներ` Ահմեթ Յըլդըրըմը և Իմամ Թաշչըէրը: Նրանք տարվել են դատարան` «Քրդստանի հասարակությունների միության» (KCK) գործով ցուցմունք տալու:
Իմամ Թաշչըէրի դեմ հետաքննություն է իրականացվում «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը հրապարակայնորեն ծաղրելու», «Հանրապետության նախագահին վիրավորելու», «պաշտոնյային զբաղեցրած պաշտոնի համար վիրավորելու» մեղադրանքներով:
Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար: Նա հայտնի է նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում ունեցած մեծ աջակցության համար։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ: