Զորամասի հրամանատարը ոտնձգություն է կատարել զոհված զինծառայողի դստեր նկատմամբ
ՄիջազգայինԱդրբեջանում հետաքննում են սպայի պատվին անհարիր աղմկոտ դեպք՝ կապված զորամասերից մեկի հրամանատարի արարքի հետ:
haqqin.az-ը հայտնում է, որ Արցախյան պատերազմի ժամանակ զոհված Մուբարիզ Իսմայիլովի դուստր սերժանտ Մինարա Բայրամովան բախվել է իր վերաբերյալ զրպարտչական արշավի հետ: Նրա մայրը՝ Մինայա Իսմայիլովան հայտարարել է, որ Բայրամովան ադրբեջանական բանակում սկսել է ծառայել 2015 թվականից եւ անասելի ուրախ էր, որ կարող է հոր գործը շարունակել: Սակայն նրան չի հաջողվել երկար ուրախանալ: Զորամասի հրամանատար Էլշան Սանաեւը շուտով նրա նկատմամբ հետաքրքրություն է դրսեւորել եւ փորձել է նրա հետ կենակցել:
Մինարա Բայրամովան հրամանատարին ասել է, որ զինվորականին հարիր չէ իրեն այդպես պահելը, նաեւ հիշեցրել է, որ ինքը զոհված զինծառայողի դուստր է:
Սակայն Էլշան Սանաեւը շարունակել է իր ենթակային մերձենալու փորձերը եւ սկսել է նրան ճնշել: Բայրամովան զրկվել է աշխատավարձի մի մասից, սկսել է նկատողություններ ստանալ եւ մեկ տարի անց աշխատանքից հեռացվել է: Զորամասում սկսել են Մինարա Բայրամովայի մասին նաեւ անվայելուչ ասեկոսեներ տարածել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն արձագանքել է այս տեղեկությանը՝ հայտարարելով, որ փաստով հետաքննություն է կատարվում: