Բրիտանիայում դեմ են թագուհու հետ Թրամփի հանդիպմանը
ՄիջազգայինԲրիտանական խորհրդարանի կայքում հրապարակվել է նոր հանրագրի տեքստ, որը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելել Բրիտանիա այցելել պետական այցի շրջանակում, երբ օտար պետության ղեկավարին ընդունում է թագուհին, հայտնում է BBC–ն։
Որպես այս արգելքի հիմնավորում՝ հանրագրի հեղինակները նշում են Թրամփի կնատյացական հայացքները ու գռեհիկ պահվածքը, որոնք նրանց կարծիքով բացառում են Եղիսաբեթ թագուհու կամ Ուելսի արքայազնի կողմից ԱՄՆ 45-րդ նախագահի ընդունելության հնարավորությունը։ Դիմումի տեքստում ասվում է, որ նման ընդունելությունը կարող է թագուհուն անհարմար դրության մեջ դնել։
ՄԻաժամանակ հանրագիրը չի բացառում սովորական աշխատանքային այցի շրջանակում Դոնալդ Թրամփի Բրիտանիա ժամանելու հնարավորությունը՝ առանց թագավորական ընտանիքի անդամների հետ հանդիպման։
Առկա կանոններով՝ եթե հանրագրի տակ ստորագրում է ավելի քան 10 հազար մարդ, կառավարությունը պարտավոր է պաշտոնապես արձագանքել դրան։ Եթե այն ավելի քան 100 հազար ստորագրություն է հավաքում, խորհրդարանը կարող է բանավեճ սկսել այդ սուր հարցի շուրջ։
Հանրագրի մեկնարկից ընդամենը մի քանի ժամ հետո ստորագրությունների թիվն արդեն իսկ գերազանցել է 80 հազարը։