Մադրիդի քաղաքապետը Թրամփին համեմատել է Հիտլերի հետ
ՄիջազգայինԻսպանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Մանուելա Կարմենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ: Այս մասին հայտնում է ABC-ն:
Քաղաքապետը քննադատել է Սպիտակ տան ղեկավարի վերջին որոշումները, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականության խստացմանը: «Մենք գիտենք, որ դա օրինականորեն նշանակված կառավարություն է, որին աջակցում են մեծ թվով քաղաքացիներ, բայց 21-րդ դարում մենք մարդու իրավունքների խոշորագույն խախտումների ականատեսն ենք»,- ասել է նա քաղաքապետարանում նիստից առաջ:
ABC-ն ճշգրիտ մեջբերում չի կատարել, որը կհաստատեր, որ Կարմենը Թրամփին համեմատել է Հիտլերի հետ: Բայց որ նման համեմատությունը արվել է, պնդում են նաեւ իսպանական այլ լրատվամիջոցներ՝ EFE լրատվական գործակալությունը, El Pais թերթը եւ այլն:
Քաղաքապետի խոսքից հետո նրան ծափահարել են «Քաղաքացիներ» կուսակցության եւ Սոցիալիստական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները: Սակայն ժողովրդական կուսակցության ներկայացուցիչը չի համաձայնել Կարմենի կարծիքի հետ եւ նշել է, որ ամերիկյան ղեկավարության որոշումները «կարող են դուր գալ կամ չգալ»: Նա կոչ է արել «Եվրոպայից ժողովրդավարության դասեր չտալ, որտեղ ծնվել է աշխարհի ամենավատ տոտալիտարիզմը»: