Թբիլիսիում տրանսգենդերին սպանողը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման
ՄիջազգայինԹբիլիսիի քաղաքային դատարանը կին–տրանսգենդեր Զիզի Շեկելաձեի սպանության մեջ մեղադրվողին դատապարտել է 13 տարվա ազատազրկման, հաղորդում է «Նովոստի–Գրուզիա»–ն։
«Հաշվի առնելով բացահայտված եւ դատարանում ներկայացված ապացույցների ամբողջականությունը, դատարանը Գեորգի Մ.–ին մեղավոր է ճանաչել կանխամտածված սպանության համար»,– նշված է դատարանի կայքում տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սպանությունն իրագործելու պահին Գեորգի Մ.–ն պայմանական դատավճիռ էր կրում կատարած այլ հանցագործության համար։ Այսպիսով, դատարանը նրան դատապարտել է 10 տարվա զատազրկման, որին գումարվել է նաեւ 3 տարի չկրած պատիժը։
Զիզի (Զուրաբ) Շեքելաձեն հարձակման էր ենթարկվել եւ վիրավորվել 2016 թվականի սեպտեմբերին։ Մեկ ամիս անց ստացած վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում։ Այս գործը մեծ աղմուկ էր բարձրացրել Վրաստանում, ԼԳԲՏ համայնքի շահերը պաշտպանող կազմակերպությունները պահանջել էին իշխանություններից ապահովել պատշաճ դատավարություն եւ խիստ պատիժ սպանությունը կատարողի համար։