Սեուլում հեռացված նախագահին աջակցող ցույցին 1,3 մլն մարդ է մասնակցում
ՄիջազգայինՍեուլում ընթանում են իշխանությունից ժամանակավորապես հեռացված նախագահ Փակ Կըն Հեին աջակցող ցույցեր: Կազմակերպիչների խոսքով՝ մայրաքաղաքի կենտրոնում մինչեւ 1,3 մլն մարդ է հավաքվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ցույցը խաղաղ է ընթանում, առանց միջադեպերի: Ցուցարարների պարզած պաստառները կոչ են անում «հանգիստ թողնել Փակ Կըն Հեին», «չեղարկել իմփիչմենթը» եւ «դադարեցնել վհուկների որսը»: Ցուցարարներից շատերը հանդես են գալիս JTBC մալուխային հեռուստաալիքը բոյկոտելու պահանջով կարգախոսներով, որի լրագրողների տրամադրության տակ է անցյալ տարի հայտնվել գաղտնի փաստաթղթերով եւ նախագահի ելույթի սեւագրով պլանշետը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Փակ Կըն Հեի իմփիչմենթի օգտին, որին մեղադրում են կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ: Այժմ իմփիչմենթը պետք է հաստատի կամ չեղարկի Սահմանադրական դատարանը: Ակնկալվում է, որ ՍԴ-ն իր վճիռը կկայացնի մինչեւ մարտի 13-ը: Հաստատելու դեպքում նախագահական արտահերթ ընտրությունները հավանաբար կանցկացվեն ապրիլ-մայիսին, հակառակ դեպքում՝ դեկտեմբերին: