Լուկաշենկոն պետապարատի աշխատակիցներից պահանջել է «բոցավառվող աչքեր»
ՄիջազգայինՊետապարատում պետք է մնան նրանք, ում «աչքերը բոցավառվում են»։ Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահի աշխատակազմի օպտիմալացման հարցերով խորհրդակցության ժամանակ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Անհրաժեշտ է անընդմեջ կադրային թարմացում։ Այս ոլորտում պետք է մնան միայն նրանք, ում աչքերը բոցավառվում են, ովքեր ուզում են աշխատել ու օգուտ տալ պետությանը։ Նախ, դուք պետք է մշակեք ու առաջ մղեք ամենաառաջավոր գաղափարները, որոնք շատ պետք են մեր պետության զարգացման համար։ Դուք պետք է միասնական փորձագիտական կենտրոն լինեք, որտեղ երկրի համար կարեւորագույն հարցերի շուրջ հավասարակշռված որոշումներ են կայացվում։ Եվ ես ձեզնից հարթ ու հստակ աշխատանք եմ ակնկալում»։,- ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով նախագահի վարչակազմը երկրի առաջնորդի գլխավոր քաղաքական շտաբն է, դրա համար էլ դրանից պետք է սկսվի պետական իշխանության թարմացումը։