ՀԱԿ-ին դեռևս չի հաջողվել հավաքել բավարար ստորագրություններ ընտրությունների օրը փոխելու հարցով ՍԴ դիմելու համար
ՔաղաքականԱզգային ժողովի ՀԱԿ խմբակցությանն առայժմ չի հաջողվում հավաքել խորհրդարանական հերթական ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրությունը:
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ դիմումի տակ ստորագրել է 17 պատգամավոր:
«Ես ցանկանում եմ հայտնել պատգամավորներին, որ այս ստորագրահավաքը 24-ժամյա ռեժիմով չէր հայտարարվել: Այսինքն, այն դեռ ուժի մեջ է, և ցանկացողները կարող են միանալ ստորագրահավաքին»,- նշեց Մանուկյանը:
Նա բոլոր խմբակցությունների պատգամավորներին կոչ արեց աջակցել նախաձեռնությանը, քանի որ իրենք հիմնավոր փաստեր են ներկայացնում, որ խորհրդարանական հերթական ընտրությունների ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը: Մանուկյանը պատգամավորներին խորհուրդ տվեց ստորագրելուց առաջ ծանոթանալ դիմումի տեքստին, որում հստակ ներկայացրել են իրենց հիմնավորումները: