Իսրայելի ԱԳՆ-ն հետևում է Լապշինի ճակատագրին
ՄիջազգայինԻսրայելի իշխանություններն աչալրջորեն հետևում են բլոգերի Ալեքսանդր Լապշինի գործին, ով միաժամանակ ՌԴ և Իսրայելի քաղաքացի է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էմմանուել Նահշոնը:
«Մենք աչալրջորեն հետևում ենք պարոն Լապշինի գործի զարգացումներին և դիվանագիտական ու հյուպատոսական ուղիներով կապի մեջ ենք բոլոր համապատասխան կողմերի հետ»,- հայտնել է նա:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: