Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է ապրիլի 2-ն ընտրությունների օր նշանակելու հակասահմանադրական լինելու խոսակցությունները
ՔաղաքականՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու որոշման՝ Սահմանադրությանը հակասող լինելու կարծիքներին:
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, նա նշեց, որ Սահմանադրության մեջ իսկապես առկա է անհամապատասխանություն:
«Իսկապես, Սահմանադրության 89-րդ և 209-րդ հոդվածները միմյանց չեն համապատասխանում:
Ինչո՞ւ: Մի կողմից նախատեսվում է, որ ապագայում Ազգային ժողովի ընտրությունները լինելու են 50-60 օր առաջ, մյուս կողմից՝ նոր ընտրական մեխանիզմ է ամրագրված: Առանձնահատուկ մի մեխանիզմ, որի ինքնին իրականացումը թույլ չի տալիս տեղավորվել այն ժամանակի մեջ, որ սահմանում է նախորդ Սահմանադրությունը՝ 30-40 օր: Խոսքն այս դեպքում Ընտրական օրենսգրքով ընտրությունների երկրորդ փուլի հնարավորության և կոալիցիաների ձևավորման հավանականության մասին է»,- նշեց Հարությունյանը:
Նա հավելեց, որ իրականում եղել է երկու տարբերակ՝ ընտրությունները նշանակել ապրիլի 2-ին կամ ապրիլի 9-ին: Որոշում է կայացվել ընտրությունների օր նշանակել ապրիլի 2-ը, քանի որ ընտրություններն անցկացվելու են նոր կարգով, և քանի որ քաղաքական ուժերը չունեն հետընտրական դաշինքներ կազմելու փորձ, որոշվել է որքան հնարավոր է շուտ անցկացնել ընտրությունները: Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ եթե ընտրությունները նշանակվեին ապրիլի 9-ին, այդ դեպքում էլ կհնչեր մեկ այլ քննադատություն, թե իշխանությունները փորձում են հնարավորինս ուշ անցկացնել ընտրությունները:
Անդրադառնալով քննարկումներին, թե ապրիլի 2-ին լրանում է ապրիլյան պատերազմի տարելիցը՝ նա ընդգծեց, որ այդ օրը ոչ թե տոնակատարություն է լինելու, այլ ընդամենը քվեարկության օր: Այնուամենայնիվ, Հարությունյանը հիշեցրեց, որ ՀՀ Նախագահն արդեն հայտարարել է, որ ընտրությունները կարող են մի քանի օրով հետաձգվել, եթե դրան համաձայն լինեն բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակից կլինեն ընտրական գործընթացին: