Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավարը քննադատում է Թրամփի անկանխատեսելիությունը
ՄիջազգայինՄյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆհանգ Իշինգերը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ նրան խորհուրդ տալով անձնապես չօգտվել Twitter-ի միկրոբլոգից, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։
«Որքան կոպիտ է նա արտահայտվում ԶԼՄ-ների, սեփական հատուկ ծառայությունների եւ արդարադատության մարմինների մասին, այնքան վնաս է հասցնում իր կանխատեսելիությանը եւ իր թիմին»,-հայտարարել է Իշինգերը։
Թրամփի՝ իշխանության գալուց ի վեր ԱՄՆ արտաքին քաղաքականությունն առավելագույնս անկանխատեսելի է դարձել։ Գերմանացի դիվանագետը պնդում է, որ այդ քաղաքականությունն անհետեւողական է։ «Նա նախկինում ասել է, որ Ռուսաստանի հետ ցանկանում է բոլորովին նոր հարաբերություններ կառուցել, իսկ այժմ պահանջում է, որ Ռուսաստանը վերադարձնի Ղրիմը։ Թրամփը պետք է կառուցի սեփական քաղաքական ուղղությունն ու դրան հետեւի»,-ասել է Իշինգերը։
Իշինգերը նաեւ քննադատաբար է խոսել Թրամփի վարչակազմի աշխատակիցների մասին։ Նրա խոսքերով՝ արտաքին քաղաքականության համար բարձրագույն արժեքներ են վստահությունն ու կանխատեսելիությունը։ «Եթե ԱՄՆ նախագահն իրեն շրջապատում է մարդկանցով, որոնք դա ամրապնդում են, ապա գործի կեսն արդեն արված է»,-կարծում է մյունխենյան համաժողովի նախագահը։ «Իսկ եթե քեզ շրջապատում ես աշխատակիցներով, որոնց գործողություններն ավելի շատ հարցեր, քան պատասխաններ են ծնում, ապա վստահությունն ու կանխատեսելիությունը կորչում են»,-ասել է Իշինգերը։