Թուրքիան հայտարարել է Սիրիայում ԻՊ 44 զինյալ ոչնչացնելու մասին
ՄիջազգայինԹուրքական զինված ուժերը հայտարարություն են տարածել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան չորս տասնյակ զինյալ ոչնչացնելու մասին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական haberler.com-ը:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի փոխանցմամբ` թուրք զինվորները Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքի մոտակայքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» 44 զինյալի:
Թուրքական զորքի իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացվել է նաև ԻՊ-ին պատկանող 4 շինություն:
Թուրքական ԶՈՒ-ի հարվածներից Էլ-Բաբում սպանվել էր նաև 11 խաղաղ բնակիչ, որոնցից 3-ը` երեխա, 4-ը` կին:
Թուրք զինվորների և ԻՊ զինյալների բախման հետևանքով Էլ-Բաբ-ում սպանվել էր 1 թուրք զինվոր, 2-ը` վիրավորվել:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին: «Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը հասել է 69-ի: