Պուտինը պատրաստ է փակել Կանտ բազան, եթե Ղրղզստանին այլեւս պետք չլինի ՌԴ օգնությունը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատրաստ է փակել Կանտ բազան, եթե Ղրղզստանին այլեւ պետք չլինի ՌԴ օգնությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Եթե Ղրղզստանը մի օր ասի, որ իրենք այնքան են ամրապնդել իրենց Զինված ուժերը, որ իրենց նման բազա այլեւս պետք չէ, մենք այդ նույն օրը կհեռանանք»,- հայտնել է Պուտինը լրագրողներին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ հանդիպումից հետո։
Պուտինը շեշտել է, որ Կանտ բազայում ՌԴ ռազմական կոնտինգենտի ընդլայնման հարցը չի քննարկվել։ «Եթե Ղրղզստանն անհրաժեշտ համարի քննարկել դա, մենք կքննարկենք։ Այստեղ ռազմական կոնտինգենտ տեղակայելու ոչ մի անհրաժեշտություն չկա»,- շեշտել է Պուտինը։ Նրա խոսքով Ղրղզստանում Կանտ ռուսական ռազմակայանի առկայությունը «կապակցված է միայն մեկ բանի հետ՝ Ղրղզստանի անվտանգության ապահովման»։
Նա նշել է, որ ՌԴ-ն հավելյալ հնարավորություններ չունի արտասահմանում ռազմակայաններ պահելու համար։ «Նկատի ունեցեք, որ մեզ համար դա նույնպես լրացուցիչ ծախսեր են»։