ՀՀԿ-ականներին կարգադրել է վերջ տալ աշխատակիցների գրանցման վայրը ժամանակավորապես փոխելու գործընթացին. «Ժողովուրդ»
Քաղաքական«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Շաբաթ օրը Հանրապետական կուսակցությունում ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բավական խիստ ելույթ է ունեցել։
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձավ հանդիպումից, նա հատկապես գործարար ՀՀԿ-ականներին կարգադրել է վերջ տալ աշխատակիցների գրանցման վայրը ժամանակավորապես փոխելու գործընթացին։ Ս. Սարգսյանն ասել է, թե ամոթ է, երբ 5-6 հարյուր ձայնի համար նման կռիվ են անում՝ միաժամանակ ստվերելով ընտրությունների գործընթացը։
«Էդ ձայնը պիտի ձեր կուսակցական ընկերոջը տաք, որ հիմա իրար կողքի նստած եք, ոչ թե գրանցումներ անեք։ Մենք պետք է անբիծ ընտրություններ անցկացնենք, այլ տարբերակ չունենք»,– ասել է Սերժ Սարգսյանը։
«Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ արդեն իսկ ուժային կառույցներին հրահանգվել է՝ բացի հանձնաժողովի անդամներից ու վստահված անձանցից, որևէ մեկի հասցեն չփոխել և հնարավորություն չտալ գրանցման հասցեից դուրս քվեարկության մասնակցել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։