Սաուդյան Արաբիայում կգործի քամու ուժով աշխատող առաջին գեներատորը
ՄիջազգայինՍաուդյան Saudi Aramco նավթային ընկերությունը 2.75 ՄՎտ հզորությամբ նախագծի իրականացման համար քամու ուժով աշխատող արտադրության արտոնագիր է ստացել: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի էլեկտրաէներգիայի հարցերով զբաղվող վարչությունը:
Ինչպես նշվում է, սա թագավորության տարածքում տրամադրվող առաջին նմանօրինակ արտոնագիրն է:
Aramco ընկերությունը General Electric-ի հետ համատեղ նախագիծ է իրականացնում թագավորության հյուսիսային շրջանում: 2.75 ՄՎտ հզորությունը բավարար կլինի մեկ տարվա ընթացքում 250 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար, որը հավասարազոր է նույն ժամանակահատվածում 19 000 բարել նավթ այրելուն:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ թագավորությունը մտադիր է մինչև 2030 թվականը 9500 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրել վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառմամբ:
Saudi Aramco-ն աշխարհում խոշորագույն նավթ արտահանող ընկերությունն է, որը ղեկավարվում է թագավորության կողմից: