ՀԱԿ-ի ծրագիրն իշխանության սեղանի՞ն
ՔաղաքականԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ԼՂ կարգավորման վերաբերյալ իրենց կուսակցության առաջարկած ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեղանի վրա դրված ծրագիրն է։
«Պատասխանեք Ձեր իսկ համաձայնությամբ, Ձեր սեղանի վրա դրված նախագծին։ Եթե համաձայն եք՝ գնացեք առաջ գործընթաց իրականցնելու։ Եթե Հանրապետականը, գործող իշխանությունը գնում է այս ճանապարհով, մենք ողջունում ենք դա», - ասաց նա՝ ընդգծելով, որ այս պահին թուղթն ու գրիչը իշխանության ձեռքին է, ուստի նա կարող է իրականացնել խաղաղության ծրագիրը, իսկ եթե ոչ, ապա դա կանի ՀԱԿ-ը:
Ինչպես նշեց պատգամավորը, Հայաստանն ու Ադրբեջանը թաքնվում են ագրեսիվ հայտարարությունների տակ, ինչը թույլ է տալիս միջազգային կառույցներին պնդել, որ երկու կողմերն էլ համաձայն չեն խաղաղությանը։ «Եթե մենք հայտարարում ենք, որ համաձայն ենք սրան, ապա համաձայնվում ենք խաղաղության ծրագրին, իսկ Ադրբեջանը մնում է միայնակ։ Եռանախագահությունն այս դեպքում շատ ավելի հայկական կողմի շուրջ է տրամադրված լինում», - ընդգծեց նա։