Բոլորը Mercedes են վարում, ես ինչո՞ւ պիտի Volkswagen Passat վարեմ. թուրք քաղաքապետը բողոքել է ծառայողական մեքենայից
ՄիջազգայինՍոցկայքերում շարունակվում են քննարկումները կապված Թուրքիայի Դուզջեի քաղաքապետ Մեհմեդ Քելեշի ըմբոստությունն ընդդեմ իրեն հատկացված ծառայողական մեքենայի։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Դուզջեի քաղաքապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Մեհմեդ Քելեշը լրագրողների հետ հանդիպմանը բացահայտ դժգոհել է իրեն որպես ծառայողական մեքենա հատկացված Volkswagen Passat–ից։ «Ստամբուլի նահանգապետը Mercedes է վարում, Հաքքարիի նահանգապետը Mercedes է վարում, ես ինչո՞ւ պիտի Volkswagen վարեմ։ Ես դա շքեղ մեքենա վարելու համար չեմ ասում, ես դա Դուզջեի հեղինակության համար եմ ասում»,–նշել է քաղաքապետը։
Նշենք, որ Դուզջեի քաղաքապետի այս խոսքերը երկար ժամանակ շրջանառվում են սոցկայքերում։