Արևմտյան Մոսուլում ձերբակալել են ԻՊ-ի պարագլխի զարմիկին
ՄիջազգայինԻրաքի կառավարական ուժերը Մոսուլի արևմտյան թաղամասերի ազատագրմանն ուղղված արշավի շրջանակներում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի զարմիկին:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով տեղի հեռուստաալիքը, Իրաքի դաշնային ոստիկանության ջոկատները գրոհայիններից ազատագրված Էլ-Ջուսակ շրջանում գերի են վերցրել ալ-Բաղդադիի զարմիկին հոր կողմից: Համար մեկ ահաբեկչի ենթադրյալ ազգականի անունը չի նշվում: Գրոհայինի ինքնությունն ու գտնվելու վայրը պարզվել է իրաքյան հետախուզության տվյալների շնորհիվ:
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի ազատագրմանն ուղղված ռազմարշավը երկրի կառավարական ուժերն սկսել են 2016-ի հոկտեմբերի 17-ին: Հունվարին կառավարական ուժերին հաջողվել է ամբողջովին ազատագրել Մոսուլի արևելյան շրջանները: Իսկ փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին տվել է քաղաքի արևմտյան կեսի ազատագրման արշավի մեկնարկը:
ՄԱԿ-ի տվյալներով` ահաբեկչական զորամիավորումների կողմից վերահսկվող արևմտյան Մոսուլում ավելի քան 700 000 բնակիչ է գտնվում: