Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին ՌԴ դեսպանի սպանության գործի հետաքննությանը օգնելու հարցով
ՄիջազգայինԱնկարայի դատախազությունը, որը զբաղվում է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի բացահայտմամբ խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անկարայի հանրապետական դատախազությունը դիմել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ), խնդրելով օգնել սպանության բացահայտման գործում:
Մարտի 5-ին Թուրքիայում կալանավորվել էր Եկատերինա Բ. անունով մի ռուս կին, ում հետ հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշը սպանությունից առաջ:
Անկարայի դատարանում հարցաքննվելուց հետո Եկատերինան կալանավորվել էր: Նշվում է, որ կինը Անկարայում զբաղվել է կավատությամբ:
Հայտնի է դարձել նաև, որ Եկատերինան ու Ալթընթաշը, բացի հեռախոսազրույցներից, WhatsApp-ի հավելվածի միջոցով նամակագրություն են ունեցել:
Անկարայի ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, 2016-ի դեկտեմբերի 19-ին 22 ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել էր: Մարդասպանը վանկարկել էր «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն: Մարդասպանը դեպքի վայրում չեզոքացվել և սպանվել էր թուրք ոստիկանների կողմից: