Ստամբուլում գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ գործողություն է իրականացվում
ՄիջազգայինՍտամբուլի կենտրոնական 32 շրջաններում գյուլենականների դեմ ուղղված հետախուզական միաժամանակյա գործողություններ են իրականացվում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից կազմակերպված գործողությունների շրջանակում արդեն 142 անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները զբաղվում են այդ անձանց հայտնաբերելու և ձերբակալելու գործողություններով:
Ներկայումս ձերբակալվել է մոտ 40 կասկածյալ, գործողությունները շարունակվում են:
Կասկածի առիթ է հանդիսացել բջջային հեռախոսներում գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոց համարվող ByLock բջջային հավելվածի առկայությունը:
Պաշտոնական Անկարան «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին (1998 թվականից վտարանդիության մեջ է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում) մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու եւ ղեկավարելու մեջ:
Թուրքական իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության «ապացույցներով փաստաթղթերի փաթեթ» են ուղարկել ԱՄՆ-ի նախագահին եւ խնդրել Գյուլենին արտահանձնել Թուրքիային:
«Հիզմեթ Հարեքեթի» կրոնական կազմակերպությունը համարվում է նաեւ Նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: