Ավստրիան առաջարկում է կրճատել փախստականների չընդունող երկրների ֆինանսավորումը
ՄիջազգայինԱվստրիան մտադիր է Եվրամիությունում հանդես գալ առաջարկությամբ՝ կրճատել ԵՄ անդամ այն երկրների ֆինանսավորումը, որոնք հրաժարվում են փախստականների ընդունել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը:
«Եթե որոշ երկրներ շարունակեն հետեւողականորեն անտեսել միգրացիոն խնդրի լուծման տարբերակը կամ հարեւանների հաշվին հարկային դեմփինգով զբաղվել, ապա նրանք ապագայում չպետք է Բրյուսելից բազմամիլիարդանոց տրանշեր ստանան»,- կարծում է Քերնը:
Ավստրիացի պաշտոնյան մատնանշել է, որ ԵՄ բազմաթիվ անդամներ միության մյուս երկրներից համերաշխություն են ակնկալում տնտեսական զարգացման, ավտանգության ամրապնդման կամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում:
«Ընտրողական համերաշխությունը պետք է հանգեցնի ընտրողական վճարումների: Մենք այս հարցը քննարկման կդնենք Բրյուսելում»,- ընդգծել է Քերնը: