ԱՄՆ արդարադատության նախարարությունը հեռացրել է «անհնազանդ» դատախազին
ՄիջազգայինՆյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատախազ Փրիիթ Բհարարան հեռացվել է, երբ հրաժարվել է կատարել ԱՄՆ արդարադատության նախարարի կարգադրությունը: «Ես հրաժարական չեմ տվել: Ես քիչ առաջ հեռացվել եմ»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ գրել է նա Twitter-ում:
Նախօրեին գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը պաշտոնական նամակ էր հղել երկրի տարբեր շրջանների դաշնային 46 դատախազներին՝ պահանջելով հրաժարական տալ:
Միացյալ Նահանգներում ընդունված պրակտիկայի համաձայն՝ նախորդ նախագահի նշանակած շրջանային բոլոր դատախազները պետք է հրաժարական տան Սպիտակ տան նոր ղեկավարի կողմից պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Ներկայումս ԱՄՆ-ի 93 դաշնային դատախազներից 46-ին նշանակել էր Բարաք Օբաման:
Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատախազ Փիիթ Բհարան համարվում է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ իրավաբաններից մեկը: Նա է նախաձեռնել Ուոլ սթրիթում աշխատող խոշորագույն ֆինանսական ընկերությունների դեմ մի քանի դատավարությունները եւ համակարգել է Ռուսաստանի հետ կապված ամենահնչեղ գործերը: Դրանցից մեկը 2010-ին բացահայտված ռուսական լրտեսական ցանցի դատավարությունն էր: