Ռոտերդամի ոստիկանությունը Թուրքիայի հյուպատոսության մոտ ակցիայի 12 մասնակցի է ձերբակալել
ՄիջազգայինՌոտերդամի ոստիկանությունը Թուրքիայի հյուպատոսության մոտ անցկացվող բողոքի ակցիայի 12 մասնակցի է ձերբակալել: AP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Պատրիցիա Ուեսելսը:
Նրա խոսքով՝ ձերբակալությունները կապված են ակցիայի ընթացքում հասարակական կարգը խախտելու եւ բռնության ակտերի հետ: Բախումների հետեւանքով 7 մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի մի քանի հարյուր կողմնակիցներ բողոքի ակցիա են անցկացնում Ռոտերդամում թուրքական հյուպատոսության մոտ: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր եւ շշեր են նետել:
Երկու երկրների հարաբերություններում լարվածությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ հոլանդական կառավարությունն արգելեց Թուրքիայի ԱԳ նախարարի օդանավի վայրէջքը: Ավելին, Թուրքիայի ընտանիքի հարցերի նախարարին, որը Ռոտերդամ էր եկել՝ սահմանադրական հանրաքվեի հարցով քարոզչություն անելու նպատակով, դուրս են արել երկրից: