Արևմտյան Մոսուլը լքած փախստականների թիվը մոտեցել է 100 000-ին
ՄիջազգայինՇուրջ 100 000 բնակիչ ստիպված է եղել հեռանալ իրաքյան Մոսուլ քաղաքի արևմտյան հատվածից փետրվարի 19-ից ի վեր, երբ մեկնարկել է այնտեղից «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դուրս մղման արշավը:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս տվյալները հաղորդել է Իրաքի միգրացիոն և տեղահանված անձանց հարցերով նախարար Ջասիմ Մուհամեդ ալ-Ջաֆը:
Նրա խոսքով` գերատեսչության մասնագետները կիրակի 10 607 մարդու են ընդունել և տեղավորել Մոսուլից հարավում և երկրի մյուս նահանգներում բացված վրանային ճամբարներում: Այսպիսով, Արևմտյան Մոսուլից գաղթած փախստականների ընդհանուր թիվը հասել է 99 852 մարդու:
Ավելի վաղ ռազմարշավի հրամանատարությունից հայտնել էին, որ ԻՊ-ից հաջողվել է ազատագրել Մոսուլի 40 արևմտյան նահանգից 17-ը:
Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքի ազատագրմանն ուղղված գործողությունները մեկնարկել են անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին: