Դամասկոսում շուրջ 70 կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Ջեբհաթ ան-Նուսրային» ենթարկվող խմբավորումը
Միջազգային«Թահրիր աշ-Շամ» զինված կոալիցիայի գրոհայինները, որոնք ենթարկվում են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը, ստանձնել են Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով վերջին տվյալների համաձայն` ավելի քան 70 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, խոսքը նախօրեին Դամասկոսում տեղի ունեցած կրկնակի պայթյունների մասին է: Պայթյուններից մեկը որոտացել էր իրանցի ուխտավորներին տեղափոխող ավտոբուսի մոտակայքում, իսկ մյուսը Բաբ էս-Սագիր շիական դամբարանի մոտ, որտեղ ռումբը գործի էր գցել մահապարտ ահաբեկիչը:
Արաբական աղբյուրների հաղորդմամբ` զույգ պայթյուններին 74 մարդ է զոհ գնացել, 100-ից ավելին վնասվածքներ են ստացել: