ՄԱԿ․ Լիբիայի արեւելքում տեղի ունեցած բախումները մարդու իրավունքների լուրջ խախտումների են հանգեցրել
ՄիջազգայինՄարտի 3-ին Լիբիայի արեւելքում սկսված բռնության ալիքը հանգեցրել է մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի սկզբունքների լուրջ խախտումների։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով վարչության տվյալներով հակամարտության երկու կողմերն էլ սպանում են մարդկանց՝այդ թվում զանգվածային մահապատիժներ իրականացնում, մարդկանց են պատանդառում, ապօրինաբար բռնում ու կտտանքների ենթարկում։
Հայտնում են նաեւ խաղաղ բնակիչների տների վրա լայնածավալ ռեյդերի մասին։ Մասնավորապես նման զտումներից մեկի ժամանակ Լիբիայի ազգային բանակի զինծառայողները ձերբակալել էին 13-70 տարեկան մոտ 100 տղաների ու տղամարդկանց։ «Ձերբակալվածներին թույլ չեն տալիս շփվել արտաքին աշխարհի հետ ու ընտանիքները ոչինչ չգիտեն նրանց գտնվելու վայրի մասին»,- ասել է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին։ «Մենք տվյալներ ենք ստացել, որ այդ մարդկանց կտտանքների են ենթարկում ու վախեցնում»։
ՄԱԿ-ը Լիբիայի հակամարտող կողմերին կոչ է անում հարգել միջազգային իրավունքն ու մարդու իրավունքները, ու քայլեր ձեռնարկել լարվածությունը թոթափելու ուղղությամբ։