ՄԱԿ-ում կոչ են արել Մինսկին հարգել հանրահավաքների ազատության իրավունքը
ՄիջազգայինԲելառուսում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միկլոշ Խարաստին այդ երկրի իշխանություններին կոչ է արել ցուցարարների հանդեպ բռնությունների չդիմել ու հարգել հանրահավաքների ազատության իրավունքը։
Այս կոչը հնչել է Բելառուսում «ձրիակերության մասին» օրենքի դեմ բողոքող ակտիվիստների զանգվածային կալանավորումների ու ահաբեկման դեպքերի կապակցությամբ։ Այդ օրենքը նախատեսում է տուգանք նրանց համար, ովքեր տարվա մեջ ավելի քան 183 օր չեն աշխատել։ Հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ՝ նոր օրենքի դեմ բողոքելու։
Խարաստիի խոսքով, այդ «կամայական ու դաժան» միջոցառումն անդրադառնում է Բելառուսի ավելի քան 470 հազար բնակիչների վրա։ «Մարդկանց ոչ միայն պիտակավորում են՝ «մակաբույծ» կոչելով, այլ տուգանում 250 դոլարով, ինչը Բելառուսում միջին աշխատավարձի երկու երրորդն է»,- ասվում է հատուկ զեկուցողի հայտարարության մեջ։