ԵԽ-ի լեհ պատգամավորը կպատժվի կանանց վիրավորելու համար
ՄիջազգայինՄարտի 14-ին Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին Ստրասբուրգում կայացած նիստը բացել է լեհ պատգամավոր Յանուշ Կորվին Միկեին պատժելու մասին որոշման հայտարարությամբ, ինչի պատճառը պատգամավորի` սեռերի հավասարության դեմ ելույթն է:
Հայտնի է, որ Եվրոպական խորհրդարանի նախորդ լիագումար նիստի ժամանակ լեհ պատգամավորը տղամարդկանց և կանանց աշխատանքի հավասար վարձատրության վերաբերյալ բանավեճերի ժամանակ հայտնել է, որ կանայք տղամարդկանցից թույլ և անխելք են, ահա թե ինչու նրանք պետք է ավելի փոքր աշխատավարձ ստանան:
«Ես չեմ հանդուրժի նման պահվածք, որն առավել անընդունելի է մարդուց, ով պետք է եվրոպական ժողովուրդների ներկայացուցիչ լինի: Վիրավորելով բոլոր կանանց` նա ոտնահարել է մեր հիմնարար արժեքները»,-ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահը:
Աղբյուրի հաղորդմամբ` Տայանին աննախադեպ պատժամիջոցներ է մտցրել Կորվին Միկկեի դեմ. վերջինս կտուգանվի մեկ ամսվա պատգամավորական աշխատավարձի չափով, 10 օրով կհեռացվի ցանկացած գործունեությունից Եվրոպական խորհրդարանում, ինչպես նաև մեկ տարի շարունակ չի կարողանա ներկայացնել ԵԽ-ն:
Եվրոպական խորհրդարանի նախագահը ներողություն է խնդրել բոլոր մարդկանցից, ում վիրավորել կամ ցնցել են լեհ պատգամավորի խոսքերը` ընդգծելով, որ այսուհետ երբեք թույլ չի տա նման պահվածք: