Սկանդալ Ֆրանսիայում․ ՆԳ նախարարը աշխատանքի էր ընդունել իր երկու դստրերին
ՄիջազգայինՖրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուն աշխատանքի էր ընդունել իր երկու դստրերին, երբ նրանք դեռ աշակերտուհիներ ու ուսանողուհիներ էին, հայտնում է RFI-ն։ Լրագրողների տվյալներով Լե Ռուի դստրերը 2009-2016 թթ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 24 պայմանագիր էին կնքել ու ԱԺ-ում իրենց աշխատանքի համար ստացել մոտ 55 հազար եվրո։ Ընդ որում առաջին պայմանագրերը նրանց հետ կնքվել էին, երբ նրանք ընդամենը 15-16 տարեկան էին։
Բրյունո Լե Ռուն խոստովանել է, որ աշխատանքի էր ընդունել դստրերին։ Բայց նրա խոսքով դստրերը խորհրդարանում աշխատել են միայն ամառային արձակուրդների ժամանակ, այլ ոչ թե մշտական հիմունքներով։ Մինչդեռ մամուլը հակառակն է պնդում՝ աղջիկները խորհրդարանում որպես աշխատող գրանցված են եղել ուսումնական տարվա ընթացքում։ Լե Ռուն կոչ է արել զուգահեռներ չտանել նախագահի թեկնածու ֆրանսուա Ֆիյոնի հետ, որին մեղադրանք են առաջադրել խորհրդարանում կնոջն ու երեխաներին ֆիկտիվ աշխատանքի ընդունելու համար։
AFP-ի աղբյուըը հայտնել է, որ դատախազությունն արդեն ուսումնասիրում է Բրյունո Լե Ռուի մասին լրատվամիջոցների տվյալները։