Մամուլը մշտական ուշադրության կենտրոնում է պահում ԱԺ-ում դեգերող իշխանական պատգամավորների ունեցվածքի մասին տեղեկությունները, ինչը բնական երևույթ է. հասարակությունը ցանկանում է տեղեկացված լինել, թե իշխանությունները ինչպիսի ահռելի ունեցվածք են կուտակել՝ ազգի հոգսերը հոգալու «շրջանակներում»: Քանի որ ՀՀԿ-ական պատգամավորների «ազգափրկիչ» գործունեության արդյունքում կուտակած հարստության մասին գրեթե ամեն ինչ հայտնի է՝ այս անգամ որոշեցինք սկսել հոդվածաշար, որտեղ ներկայացված է, թե ինչ գույքի և դրամական միջոցների են տիրապետում ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները՝ ըստ 03.03.2012 թ.ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի:
Եվ այսպես, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրացրել է հայտարարագրի միայն «Շարժական գույք» բաժինը. ունի 1 ավտոմեքենա` Միթսուբիշի Pajero:
Անշարժ և թանկարժեք գույք, եկամուտ, դրամական միջոցներ, արժեթուղթ կամ այլ ներդրում չի հայտարարագրել:
Զարուհի Փոստանջյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան` 77 քմ մակերեսով և 1 ավտոտնակ` 19.3 քմ մակերեսով Երևանում:
Հաշվետու տարվա եկամուտը` 3 մլն 401 հազ. 520 դրամ (պատգամավորի աշխատավարձ):
Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, նաև դրամական միջոցներ չի հայտարարագրել:
Ալեքսանդր Արզումանյանը լրացրել է հայտարարագրի միայն «Անշարժ գույք» բաժինը՝ նշելով 1 բնակարան Երևանում` 97.25 քմ մակերեսով:
Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, եկամուտներ ու դրամական միջոցներ, ըստ հայտարարագրի, չունի:
Ամենահարուստ պատգամավորն այս խմբակցությունում, թերևս, Թևան Պողոսյանն է, ով հայտարարագրել է շուրջ 100 հազար դոլար: