Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել և չեղարկվել
ՄիջազգայինՄոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով հետաձգվել և չեղարկվել են մի շարք չվերթներ: Այս մասին հայտնում է Flightradar պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ` Շերեմետյեվո օդանավակայանում հետաձգվել է մեկնող չվերթների 73 և ժամանող չվերթների մոտ 49 տոկոսը, ընդ որում` չեղարկված չվերթներ չկան:
Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է մեկնող չվերթների 47 և ժամանող չվերթների 25 տոկոսը: Այստեղ նույնպես չեղարկված չվերթներ չկան:
Դոմոդեդովո օդանավակայանում հետաձգվել է մեկնող չվերթների 44 և չեղարկվել 6 տոկոսը: Ժամանող չվերթների իրավիճակն այս օդանավակայանում զգալիորեն ավելի լավ է, քան մայրաքաղաքի մյուս օդանավակայաններում. չեղարկվել և հետաձգվել է չվերթների 4-ական տոկոս:
Մարտի 27-ին արտակարգ իրավիճակների ծառայության մայրաքաղաքային վարչությունը հայտարարել է եղանակային պայմանների վատթարացման մասին: Սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ արագությամբ, խոնավ ձյուն և մերկասառույց ճանապարհների վրա: