Արցախի Նախագահը և ՄԽ համանախագահները քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի խմբի ընդլայնման հարցը
ՔաղաքականԱրցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ մարտի 28-ին կայացած հանդիպմանը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի մեծացման անհրաժեշտության հարցը:
Այս մասին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հավելելով, որ ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն կա խմբի կազմն ավելացնել 7 հոգով: Պոպովի խոսքով՝ այդ կապակցությամբ կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք ուշացնում են գործընթացը:
«Այսօր Անջեյ Կասպշիկը ներկայացրել է իր տեսակետը, թե ինչպես այն կատարել: Դա այնհարցերից է, որ մենք նախատեսում ենք քննարկել Վիեննայում, ապրիլին»,- ասել է Պոպովը՝ ավելացնելով, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում նախագահների հետ քննարկել են արդեն ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ հարցեր: