Վենեսուելայի Գերագույն դատարանը կվերանայի խորհրդարանին լիազորություններից զրկելու մասին որոշումը
ՄիջազգայինՎենեսուելայի Գերագույն դատարանը կվերանայի իր վիճահարույց հրամանագիրը երկրի` ընդդիմության վերահսկողության տակ գտնվող խորհրդարանին լիազորություններից զրկելու և օրենսդիր մարմնի գործառույթն ստանձնելու մասին:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս մասին հայտարարել է երկրի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչը, որի ճգնաժամային նիստը` նախագահ Նիկոլաս Մադուրոյի ղեկավարությամբ, անցկացվել է շաբաթ:
«Պետական իշխանության մարմնի գործառույթը յուրացնելու և խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին դատարանի որոշումն սպառնում է պետական կառավարման հավասարակշռությանն ու ինստիտուցիոնալ կայունությանը», - ասվում է խորհրդի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Գերագույն դատարանի կայացրած որոշմանը դեմ է հանդես եկել երկրի գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգան՝ տվյալ վճիռն Սահմանադրության խախտում անվանելով:
Ինչպես դատարանի որոշման, այնպես էլ դատախազի հայտարարության ֆոնին նախօրեին երկրում սաստկացել էին բողոքի ակցիաներն ու բախումներն ընդդիմության և Մադուրոյի կողմնակիցների միջև: