Իրաքում սպանվել է ԻՊ-ի երկրորդ դեմքը ալ-Բաղդադիից հետո
ՄիջազգայինԻրաքում իրականացված ավիահարվածի արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ամենամոտ դաշնակիցը համարվող Այադ ալ-Ջումայլին:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրաքյան պետական հեռուստատեսությունը, վերջինս հանդիսանում էր իսլամիստական խմբավորման հրամանատարության երկրորդ դեմքը: Նա սպանվել է Էլ-Քայիմ քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանային Անբար նահանգում:
Նշվում է, որ նա եղել է ԻՊ-ի` անվտանգության հարցով գլխավոր պատասխանատուն:
Սադամ Հուսեյնի կառավարման օրոք ալ-Ջումայլին աշխատել է Ֆալուջայի հետախուզական կառույցներում: Ամերիկյան զորքերի՝ Իրաք ներխուժումից հետո նա անցել է ապստամբների կողմը: