Ընտրական օրենսդրությունը չի արգելում սեփական ընտրազանգվածը մոբիլիզացնելը. Աշոտյան
ՔաղաքականՔաղաքական ուժի կողմից իր ընտրազանգվածի մոբիլիզացիան որևէ արգելք Ընտրական օրենսգրքում դրված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, թե քաղաքացիներին տրանսպորտային միջոցներով տեղափոխվում են ընտրատեղամասեր:
«Ընտրական օրենսդրությունը չի արգելում քաղաքական ուժին մոբիլիզացնել սեփական ընտրազանգվածը, օրենքի սահմաններում լավագույն պայմանները ստեղծել, որպեսզի պոտենցիալ ընտրողները մասնակցեն ընտրությանը»,- ընդգծեց Աշոտյանը և հավելեց, որ սա ընդունված միջոց է բոլոր ժողովրդավարական երկրներում:
Քվեարկության գաղտնիության հետ կապված Աշոտյանն ասաց, որ նույնիսկ ծայրահեղ ընդդիմադիրներն ընդունեցին այն փաստը, որ ընտրողի կամքը վերահսկել հնարավոր չէ:
«Այս տեսակետից մեր քաղաքացիների համար ստեղծվել են լավագույն պայմանները, որպեսզի իրենք կարողանան իրականացնել իրենց ընտրությունը այնպես, ինչպես ցանկանում են»,- եզրափակեց Աշոտյանը: