Բաքվի դատարանը երկարաձգել է Ալեքսանդր Լապշինի կալանքը
ՄիջազգայինԲաքվի Նասիմի շրջանի դատարանը երկարաձգել է Ադրբեջանում ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքի ժամկետը:
Այս մասին հայտնում է interfax.az-ը:
Դատարանի որոշմամբ` Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով: Լապշինը Բելառուսում ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի խնդրանքով: Առաջադրված մեղադրանքների համաձայն` Լապշինին սպառնում է 5-ից 8 տարվա ազատազրկում:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: