Սիրիայի Խան-Շեյխուն քաղաքում ևս մեկ ավիահարված է տեղի ունեցել. ակտիվիստներ
ՄիջազգայինՍիրիացի իրավապաշտպանները հայտարարել են Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաքում իրականացված ևս մեկ ավիահարվածի մասին:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը` մեջբերելով Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, ավիահարձակման հետևանքով, որն իրականացվել է անհայտ ռմբակոծիչների կողմից, քաղաքի արևելյան մասում մեկ կին է զոհվել, ևս մի մարդ վիրավորվել է:
Միևնույն ժամանակ ևս մեկ դիտորդական խմբավորում` Տարածաշրջանային համակարգող կոմիտեն, տեղեկացրել է, որ ռմբակոծությունն իրականացրել է ռուսական ռազմական ինքնաթիռը: Իրավապահների տվյալներով` զոհված կինը փախստական է եղել՝ Սիրիայի կենտրոնական մասերից:
Հիշեցնենք, որ Խան-Շեյխուն քաղաքում ապրիլի 4-ին, ենթադրաբար քիմիական զենքի կիրառությամբ հարձակում է իրականացվել, որին տասնյակ բնակիչներ են զոհ գնացել:
Ի պատասխան քիմիական հարձակման, որի համար մեղադրում են Սիրիայի կառավարական ուժերին, ապրիլի 6-ի գիշերը ԱՄՆ-ն ավիահարված է իրականացրել Հոմս նահանգի ավիաբազայի ուղղությամբ, որի հետևանքով զինծառայողներ և խաղաղ բնակիչներ են զոհվել: