Բրիտանիայի արտգործնախարարը չեղարկել է այցը Մոսկվա
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում Մոսկվա այցը Սիրիայի իրավիճակի առնչությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարություն է հրապարակել ապրիլի 10-ին Մոսկվա նախատեսված այցը չեղյալ հայտարարելու մասին որոշում կայացնելուց հետո»,- ասված է երկրի արտաքին գործերի գերատեսչության հաղորդագրությունում:
«Սիրիայում վերջին իրադարձությունները հիմնարար կերպով փոխել են իրավիճակը: Այժմ ինձ համար առաջնահերթություն է շարունակել ԱՄՆ-ի և այլ երկրների հետ կապերը՝ ապրիլի 10-11-ին նախատեսվող «յոթյակի» հանդիպման նախաշեմին երկրում հրադադարի համակարգված միջազգային աջակցությունը և քաղաքական գործընթացի ինտենսիվացումն ապահովելու համար: Ես կաշխատեմ մեր համախոհ գործընկերների հետ հանդիպման կազմակերպման ուղղությամբ, որպեսզի մենք կարողանանք քննարկել հետագա քայլերը»,- նշված է Ջոնսոնի հայտարարությունում:
Նշվում է, որ Ջոնսոնի այցը Մոսկվա արդեն հետաձգվել էր մեկ անգամ: Նա պատրաստվում էր Ռուսաստան այցելել դեռևս մարտի վերջին, սակայն հետաձգել է այցը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակցույցի փոփոխության պատճառով: