Ալի Խամենեին Սիրիայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարվածը «ռազմավարական սխալ» է անվանել
ՄիջազգայինՍիրիայի վրա հրթիռային հարվածը ԱՄՆ-ի հերթական ռազմավարական սխալն է: Այս մասին հայտարարել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին՝ Իրանի ԶՈւ-ի հրամանատարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այն, ինչ կատարել են ամերիկացիները, նրանց հերթական ռազմավարական սխալն է: Նրանք չեն դադարում այդ սխալները կատարել: ԱՄՆ-ի նախկին ղեկավարներն են ստեղծել «Իսլամական պետությունը», այնուհետեւ նրան օգնել, իսկ ներկայիս ամերիկյան պաշտոնական անձինք նպաստում են այս եւ սրան նման խմբավորումների հզորացմանը»,- նշել է Իրանի առաջնորդը՝ որի խոսքը տարածել է նրա մամուլի ծառայությունը:
Խամենեի խոսքով՝ մոտ ապագայում «այս խմբավորումները կբռնեն իրենց ամերիկացիների օձիքը»: «Եվրոպան այսօր արդեն պատասխան է տալիս սխալների համար, որոնք հանգեցրել են ծայրահեղականության հզորացմանը: Մարդիկ այլեւս իրենց անվտանգ չեն զգում ո՛չ տանը, ո՛չ փողոցում: ԱՄՆ-ը կրկնում է նույն սխալները»,- նշել է Իրանի հոգեւոր առաջնորդը: