Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ հետ
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր: Խոսակցության ժամանակ հատկապես անդրադարձ է կատարվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետագա գործունեությանը և Սիրիայում ընտրությունների վերաբերյալ հարցերին:
Ապրիլի 8-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց էր ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հետ: Թուրքիայի վարչապետը Փենսի հետ զրույցում անդրադարձել էր Սիրիայում ավիաբազային Միացյալ Նահանգների հասցրած հարվածին` ընդգծելով, թե ԱՄՆ գործողությունները «դարձել են ողջ միջազգային հանրության զգացմունքների և խղճի ձայնի արտահայտումը` ընդդեմ մարդկության դեմ հանցագործությունների, որոնք իրականացնում է Ասադի վարչակազմը»: Յըլդըրըմն ասել է, որ պաշտոնական Անկարան Վաշինգտոնից ակնկալում է սիրիական հարցում ավելի մեծ ներգրավվածություն: