Spiegel. Բեռլինի ահաբեկիչ Ամրին հրահանգները ստացել է անմիջաբար ԻՊ-ի ղեկավարներից մեկից
ՄիջազգայինԹունիսի քաղաքացի Անիս Ամրին, որն անցյալ տարվա դեկտեմբերին Բեռլինում ահաբեկչություն է իրագործել, հրահանգներ է ստացել անմիջաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկից: Այս մասին այսօր հայտնել է Der Spiegel շաբաթաթերթը՝ վկայակոչելով Գերմանիայի պետական անվտանգության ծառայություններում իր աղբյուրներին:
Պարբեականի տեղեկություններով՝ Ամրին շփվել է ոմն Աբու Բարաա ալ-Իրաքիի հետ, որը ԻՊ-ի հիերարխիայում պատասխանատու է «արտաքին գործողությունների» համար: Նրա անունը գերմանացի իրավապահներին հայտնի է նաեւ միգրացիոն ճգնաժամի շրջանակում՝ նա է համակարգել փախստականների անվան տակ մի քանի ահաբեկիչներին Գերմանիա ուղարկելը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Ամրիի վարած կցորդով քարշակը Բեռլինի ծննդյան տոնավաճառում մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որի արդյունքում 12 մարդ զոհվել է, 48 մարդ հոսպիտալացվել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը: Ահաբեկչին հաջողվել է Գերմանիայից հեռանալ, նրան հետագայում իտալացի ոստիկանները սպանել են Միլանում: