Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային հետևել մահապատիժն արգելող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային
ՄիջազգայինԹուրքիայում սահմանադրական բարեփոխումները զգալի փոփոխություններ կմտցնեն երկրի կառավարման համակարգում, ասված է երկուշաբթի օրը Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած հայտարարությունում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ֆրանսիան ծանոթացել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքներին… Այդ սահմանադրական փոփոխությունները զգալի փոփոխություններ են մտցնում Թուրքիայի կառավարման համակարգում»,- նշել են ԱԳՆ-ում:
Ֆրանսիացի դիվանագետները հատուկ ուշադրության են արժանացրել մարդու իրավունքների պաշտպանությունը և Թուրքիայի կողմից միջազգային պարտավորությունների պահպանումը:
«Ֆրանսիան ԵՄ-ի հետ միասին կոչ է անում Թուրքիային հետագա քայլեր ձեռնարկել միավորման ոգով՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում ընդունված արժեքների և պարտավորությունների համապատասխան, որոնց թվում է բազմակարծության պահպանումը, իշխանությունների տարանջատումը և իրավական պետությունը»,- ասված է հայտարարությունում:
Ֆրանսիան նաև կոչ է անում Թուրքիայի իշխանություններին պահպանել ստանձնած պարտավորություններին և հետևել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային, որը Թուրքիան ստորագրել է և որտեղ արգելվում է մահապատժի կիրառումը: