«Ելքի» «Փաթիլ» օպերացիան
Քաղաքականshame.am-ը գրում է.
Ընտրություններն ու խոստումները անբաժանելի բաղկացուցիչներ են: Նախընտրական շրջանում խոստումներ շռայլում են անխտիր բոլորը, և որպես կանոն, այդ խոստումների գերակշիռ մասը լինում է անիրատեսական: Փորձված ու հնարամիտ ընտրողն արդեն կարողանում է տարբերակել` որին հավատա, իսկ որին` ոչ: Այժմ էլ` Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ մրցակից երեք քաղաքական ուժերը խոստումների և հավաստացումների պակաս չեն զգում: Ուղղակի երբեմն բանը հասնում է այնպիսի մտքերին, որոնց կողքով հենց այնպես անցնելն անհնար է:
Օրինակ, «Ելք» դաշինքը փողոցներում ու բակերում առատորեն բաժանում է իրենց բուկլետները: Այդ բուկլետներում նրանց նախընտրական ծրագիրն է, իսկ ծրագրի մեջ` այսպիսի մի պարբերություն. «Կներդրվի ձյունամաքրման նոր համակարգ, որն օդերևութաբանական ծառայությունների հետ համագործակցությամբ ձնամաքրման աշխատանքները կսկսի ձյունը տեղալուց առաջ»:
Եթե «Ելքի» անդամները բուկլետ բաժանելուց առաջ մարդկանց զգուշացնեին, որ դա կարող է փոխարինել նաև երգիծական ամսագրի, ապա հիշյալ գրառումը հենց այդպես էլ կընկալվեր: Բայց քանի որ խոսքը լուրջ ծրագրի մասին է, ապա կամա թե ակամա ստիպված ես մտածել այն մասին, թե Նիկոլ Փաշինյանն ու մյուսները ինչպե՞ս են պատրաստվում մաքրել մի բան, որ դեռ չի տեղացել: Որքան մեզ է հայտնի, աշխարհում դեռ չի ստեղծվել այնպիսի մի սարք, որը կարողանա հենց ամպերի միջից հավաքել ձյան փաթիլները: Ու քանի որ մայրաքաղաքը զուրկ է ձնամաքրման նմանօրինակ տեխնիկայից, ապա մնում է միայն ենթադրել, որ ձյունը տեղալուց առաջ ձնամաքրման վերջին հնարավորությունն այն կլինի, որ «Ելքի» անդամներն ու համակիրները փողոցներն ընկած` փաթիլները որսան հենց օդի մեջ: Այ այդ դեպքում նրանց ծրագիրը կդառնա իրատեսական...