Հանովերում 50 000 մարդ է տարհանվել Երկրորդ աշխարհամարտի տարիների ավիառումբերի պատճառով
ՄիջազգայինԳերմանիայի Հանովեր քաղաքում մայիսի 7-ին տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր իրականացված խոշորագույն տարհանումը:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, շուրջ 50 000 մարդ է տարհանվել մի քանի շրջաններից, որոնց բնակիչները ստիպված են եղել լքելու իրենց տները` մոտակայքում հայտնաբերված 5 չպայթած ավիառումբի պատճառով: Ռումբերն այդ տարածքում են գտնվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակվանից:
Փրկարար ծառայությունների ավտոբուսներն առավոտից շրջել են բնակելի թաղամասերով` մարդկանց անվտանգ թաղամասեր տեղափոխելու համար: Տարհանման գործողություններին ուղղաթիռ է ներգրավվել՝ համոզվելու համար, որ ռումբերի վնասազերծման աշխատանքների տարածքում մարդ չի մնացել:
Վաղ առավոտից դադարեցվել է ավտոբուսների, մեքենաների երթևեկությունը, ինչպես նաև Հանովերի գլխավոր երկաթուղային կայարանի աշխատանքը: