Գերմանիայում գողացվել է 1,2 մլն եվրո արժեքով ոսկե ապարոշը
ՄիջազգայինԳերմանական Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Կարլսրուե քաղաքում գտնվող Բադենի թանգարանից գողացվել է 367 ադամանդով և պլատինով զարդարված ոսկե ապարոշը, որի արժեքը կազմում է մոտ 1,2 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով Բադեն-Վյուրթեմբերգի ոստիկանությանը:
Աղբյուրը մասնրամասնում է, որ ապարոշը գողացվել է փակ ցուցափեղկի միջից: Ընդ որում, ցուցափեղկի կողպեքը չի ջարդվել. դեռևս անհայտ է՝ արդյոք ակտիվացել է անվտանգության համակարգի ազդանշանը:
Նշվում է, որ թանգարանի աշխատակիցները միանգամից ուշադրություն չեն դարձրել արժեքավոր ցուցանմուշի կորուստին: Նրանք ոստիկանություն են դիմել ապրիլի 29-ին, սակայն կողոպուտի հստակ ամսաթիվը դեռևս չի պարզվել:
Հայտնի է, որ ապարոշը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին և պատկանել մեծ դքսուհի Հիլդա Ֆոն Բադենին: Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի ոստիկանությունը քննություն է տանում միջադեպի վերաբերյալ: