Թուրքիան չի համակրում այն երկրներին, որոնք աջակցում են Սիրիայի տարածքում գործող քրդական ջոկատներին. Յըլդըրըմ
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան չի համակրում այն երկրներին, որոնք աջակցում են Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG)՝ ակնարկելով ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, գրում է թուրքական haberler.com կայքը:
«Մենք ոչ մի ահաբեկչական կառույցի համակրանքով չենք նայում, նրանց աջակցող երկրներին էլ չենք համակրում», - ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ էր հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 և Իրաքի 8 քուրդ մարտիկ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները, քննադատելով թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքի և Սիրիայի հյուսիսային տարածքների վրա իրականացված ավիահարձակումները, նշել է, որ Թուրքիան իր քայլերով վտանգի է ենթարկել նաև ամերիկացի զինծառայողներին: