Պուտինին առաջարկել են քիչ երեխա ունենալու համար հարկ սահմանել. «Известия»
ՄիջազգայինՌԴ Ժողովրդագրության, ներգաղթի և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ղեկավար Յուրի Կրուպնովը նախագահ Վլադիմիր Պուտինին է ուղարկել «Բազմազավակ ընտանիքների կարգավիճակի մասին» դաշնային օրենքի կոնցեպտի նախագիծը, գրում է «Известия» թերթը:
Նախագծում, ի թիվս այլ կետերի, առաջարկվում է Ռուսաստանում քիչ երեխա ունենալու համար հարկ սահմանել: Փաստաթուղթը նաև նախատեսում է երեխաների դաստիարակության գործունեության հավասարեցումն աշխատանքային փորձին, ինչպես նաև՝ ենթակառուցվածքներով հողատարածքի անվճար տրամադրման իրավունք բազմազավակ ընտանիքներին:
Նշվում է, որ այդ օրենքը հարկավոր է բազմազավակ ընտանիքների աջակցության համար, որոնք չնայած Ռուսաստանում կազմում են 6,5 տոկոս, սակայն մեծացնում են երկրի բոլոր երեխաների մոտ 20 տոկոսին:
Կրուպնովի խոսքով՝ օրենքի նախագծի նպատակը բազմազավակ ընտանիքների կարգավիճակը սկզբունքորեն փոխելն է և բարձրացնելը՝ մինչև 2030 թվականը ժողովրդագրական խնդիրների լուծման համար:
Փաստաթղթում նախատեսվում է քիչ երեխաներ ունենալու համար (ոչ բժշկական պատճառներով երեխա չունեցող կամ մեկ երեխա ունեցող ընտանիքների համար) հատուկ հարկ, որի չափը, սակայն, դեռ չի նշվում: